ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Օրացուցային տարին սկսվում է, ֆուտբոլային մրցաշրջանը՝ շարունակվում

Օրացուցային տարին սկսվում է, ֆուտբոլային մրցաշրջանը՝ շարունակվում
15.01.2019 | 04:12

ԱՆԳԼԻԱ
Մառախլապատ Ալբիոնի 22-րդ տուրը կեզրափակվի այսօր կայանալիք «Մանչեստր Սիթի»-«Վուլվերհեմպտոն» դիմակայությամբ, որն էլ վերջնականապես կպատասխանի՝ արտագնայում նվազագույն հաշվով «Բրայտոնի» նկատմամբ հաղթանակի հասած առաջնության առաջատար «Լիվերպուլը» Խոսեպ Գվարդիոլայի սաների նկատմամբ կունենա 7, 6, թե 4 միավորի առավելություն:
50 միավոր ունեցող «Մանչեստր Սիթիին» շրջանցելու լավագույն ու թեկուզ ժամանակավորապես երկրորդ հորիզոնական բարձրանալու հնարավորություն ուներ «Տոտենհեմը», սակայն այն տնային խաղում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Լոնդոնցիներին այս անգամ նվաստացնողն ու ունեցած 48 միավորով թողնողը «Մանչեստր Յունայթեդն» էր՝ 1:0:
Չհասավ, սակայն տնային խաղում 2:1 հաշվով «Նյուքասլի» նկատմամբ հաղթանակ տոնած «Չելսին» Մաուրիսիո Պոչետինոյի սաներից արդեն մեկ միավորի հեռավորության վրա է դիրքավորվել ու բավականին հարմարավետ է զգում չորրորդ հորիզոնականում:
Ինչ վերաբերում է լավագույն հնգյակը եզրափակողին, այդ թիմն արտագնայում նվազագույն հաշվով «Վեստ Հեմին» զիջած «Արսենալն» է: Հարկավ գիտեք, որ վնասվածքի պատճառով դեռևս չի կարողանում խաղադաշտ դուրս գալ մեր Հենրիխ Մխիթարյանը, ում մասին շրջանառվող լուրերը պակաս հակասական չեն: Զանգվածային լրատվամիջոցներում մեկ խոսք է գնում այն մասին, որ նա գրեթե «Միլանում» է, մեկ խոսում են, թե հնարավոր է հայտնվի սանկտպետերբուրգյան «Զենիթում», մեկ էլ լրատվություն է տարածվում, թե Ունաի Էմերին ֆուտբոլիստին ասել է, որ անհամբեր սպասում են նրա ապաքինմանը: Մի խոսքով՝ մարդ չի էլ հասկանում ում փլավին ջուր լցնի, ում ասածին հավատ ընծայի:


ԻՍՊԱՆԻԱ
19 տուրից հետո «Բարսելոնը» շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այս անգամ նրա կորզած հերթական երեք միավորը «Էյբարից» էր: Երկու գոլ հեղինակել է Սուարեսը, որի` կատալոնյան ակումբից հեռանալու մասին խոսակցությունները բավականին մեծ հաճախականություն են գտել, և մեկ գոլ էլ Լիոնել Մեսիի ակտիվում է, որը չի մոռացել նաև գոլային փոխանցման հեղինակ դառնալ:
38 միավորով 43-ն ունեցող «Բարսելոնին» հետապնդում է սեփական հարկի տակ «Լևանտեին» նվազագույն հաշվով պարտության մատնած Մադրիդի «Աթլետիկոն»:
Ունեցած միավորների պաշարը՝ 33, չկարողացավ համալրել արտագնայում հանդես եկած «Սևիլիան»: Անդալուզցիներին «դաս» տվողը բասկյան «Աթլետիկն» էր երկու անպատասխան գնդակով:
«Սևիլիային» միավորներով հավասարվելու ավելի քան ռեալ շանս ուներ Մադրիդի «Ռեալը», սակայն դրա համար «արքայականին» անհրաժեշտ էր հյուրընկալվելիս պարտության մատնել «Բետիսին»: 1:1 հաշվի պարագայում հանդիպման 88-րդ րոպեին Սեբալիոսի կողմից դարպասի գրավումը հաղթական երեք միավոր է բերել մադրիդցիներին, որոնք հինգերորդ հորիզոնականը փոխարինեցին չորրորդով՝ այնտեղ մղելով արտագնայում ընդամենը մեկ միավոր վաստակած «Ալավեսին», որի մրցակիցն է եղել «Ժիրոնան»՝ 1:1:


ՖՐԱՆՍԻԱ
Երկու անընդմեջ ոչ-ոքիից հետո երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ու փաստորեն կրկին իր հաղթական մրցելույթների գրաֆիկին վերադարձավ «Պարի Սեն Ժերմենը», որի մրցակիցը «Ամիենն» էր: Տանտերերի արած միակ բանն այն էր, որ գոհացան երեք գնդակ «ուտելով»: Նշենք դրանցում Մբապեի ու Կավանիի ունեցած անմիջական մասնակցությունը:
Թե մնացածների նկատմամբ որքան մեծ է ՊՍԺ-ի առավելությունը, համեմատությունն անենք երկրորդ հորիզոնականում գտնվող «Լիլի» օրինակով, որն արտագնայում 3:1 հաշվով պարտության է մատնել «Կաննին» ու իր անվան դիմաց ունի գրանցած 37 միավոր, ինչն ուղիղ 13-ով պակաս է «Պարի Սեն Ժերմենի» ունեցածից՝ չհաշված վերջինիս պակաս անցկացրած երկու հանդիպումը, որը հետևանք էր տևական ժամանակ Ֆրանսիայում մոլեգնած «դեղին բաճկոնների» սոցիալական բողոքի պատճառով հետաձգված հանդիպումների:
Դիվիզիոնի երրորդ հորիզոնականում է երկու թիմ՝ 33-ական միավոր ունեցող «Լիոնն» ու «Սետ Էտիենը»: Առաջինը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել «Ռեյմսի» հետ, երկրորդն արտագնայում նվազագույն հաշվով պարտության է մատնել «Գենգամին»:

ԻՏԱԼԻԱ
Այսօր կայանալիք «Ռոմա»-«Էնտելա» դիմակայությամբ անցյալ է դառնում Իտալիայի գավաթի մեկ ութերորդ եզրափակչի փուլը: Բացառությամբ «Կալյարի»-«Ատալանտա» մրցակցության, որն ավարտվել է երեկ ուշ երեկոյան, հայտնի են մնացած վեց առճակատումների արդյունքները, մեկ քառորդ դուրս եկած թիմերը: Այսպես, արտագնայում հանդես եկած «Յուվենտուսն» ու «Ֆիորենտինան» երկու անպատասխան գնդակի առավելությամբ համապատասխանաբար ծնկի են բերել «Բոլոնիային» ու «Թուրինին»: Նույնը, նույն արդյունքով, արել է և «Սասուոլոյին» հյուրընկալած «Նապոլին»:
Իսկական գավաթային կրքեր են եռացել «Սամպդորիա»-«Միլան» դիմակայությունում, որտեղ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի: Հավելյալում Կուտրոնեն երկու գոլ է հեղինակել ու «Միլանին» դուրս բերել քառորդ եզրափակիչ: Եթե նկատում ենք, ըստ էության նախորդ երեք հանդիպումների նույն 2:0 հաշիվն է, սակայն հավելյալում ամրագրված:


Գոլերի հեղեղ է արձանագրվել «Լացիո»-«Նովարա», «Ինտեր»-«Բենեվենտո» մրցավեճերում: Առաջինում արձանագրվել է 4:1, երկրորդում՝ 6:2 հաշիվը, երկուսում էլ հաղթող կողմն են եղել տանտերերին ներկայացնող թիմերը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ